ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա, ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա մի քանի պատճառ դրան` նախ որովհետև օգոստոսի 30–ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կանոնակարգը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն ու Հայստանը դե յուրե հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար։ Հիմա արդեն դե յուրե հաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն։ Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել համաձայնագիրը»,-ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրել է՝ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է։
«Այժմ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,-շեշտեց ՀՀ վարչապետը։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը, համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը, կարծում է Փաշինյանը։
«Արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են։ Երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող համատեղ հանձնաժողովը։ Այս ամենը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, որը կնպաստի մնացած խնդիրների լուծմանը»,-հայտարարեց վարչապետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։