ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Էջմիածնում կատարվել է Մայր տաճարի Նավակատիքը` հայոց հինավուրց սրբալույս մյուռոնով վերաօծումը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։
Արարողությունը կատարվել է այս երեկո։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը` հայ առաքելական սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հետ, իր հաղթական օծյալ սբ. աջով օրհնել, օծել և սրբագործել է հայոց Մայր տաճարը։ Այս սրբազնագույն պահին, երբ հեղվում էր հայոց Սրբալույս մյուռոնը Քրիստոսակերտ Մայր տաճարի համբուրելի պատերին՝ հաղթեց Աստված, հաղթեց և նրա ընտրյալ ու օծյալ հայրապետը հայոց»,– նշել է Հայր Ասողիկը:
Շաբաթ օրը կատարվելու է Մյուռոնօրհնեքը, իսկ կիրակի` Սուրբ սեղանի օծումը, այդ օրը նաև Սուրբ պատարագ կմատուցվի։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Վահագն Խաչատուրյանը կիրակի օրը ներկա է լինելու Մայր տաճարում կատարվելիք արարողությանը։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը հրավեր ստացել է, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով Կանադայում է լինելու։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ այցը չեղարկվել է։ Սեպտեմբերի 27-ին Սիմոնյանի խոսնակը` Մովսես Հարությունյանը, լրատվամիջոցներին ասել է, որ առայժմ հստակ որոշում չկա ԱԺ նախագահի մասնակցության հարցի վերաբերյալ։