Առանց դատավարության Վարդանյանին 1 տարի կալանքի տակ պահելը քաղաքական բնույթ ունի. փաստաբան

Դավիթ Վարդանյանը նշել է, որ հայրը` Ռուբեն Վարդանյանը, շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը։ Այս մասին ասել է գործարար և Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: Նրա խոսքերը «Ֆեյսբուքում» հրապարակել է Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը։
«Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»,– ընդգծել է Գենսերը։
Դավիթ Վարդանյանն իր հերթին հիշեցրել է, որ այսօր լրանում է մեկ տարին, ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին Ռուբեն Վարդանյանին, որին հաջորդեցին արցախցի մյուս պետական և ռազմական գործիչների ձերբակալությունները:
«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»,– գրել է Դավիթ Վարդանյանը:
Նա նշել է, որ չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին` Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։