23–ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում 3 մեքենա հրկիզել

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայում կայանված 3 մեքենան հրկիզած անձը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։ «BMW» մակնիշի մեքենան գրեթե ամբողջությամբ է այրվել, իսկ «Honda»–ն և «Opel»–ը` մասամբ։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի մասին սեպտեմբերի 24–ին`ժամը 1.17–ին, ոստիկանություն է ահազանգել 45-ամյա մի կին, որը հայտնել է, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր « Honda»–ն և կողքի «Opel» ու «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ տուժողի` իրեն պատճառվել էր 6 մլն դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մեծամորում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ, նրանց վիճակը միջին ծանրության է
Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26–ին` ժամը 14.28–ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով մայրաքաղքաքի Ադոնցի փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ։
Կասկածյալը խոստովանել է, որ հրկիզողն ինքն է։
Նախաքննությունը շարունակվում է։