Թուրքական երկնաքերն ու Էրդողանի գիրքը. մասնագետները վերլուծում են Էրդողանի հետ հանդիպումը

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական կարգավորմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքում «Թուրքական տանը» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն ու նրա հեղինակած գրքի հետ լուսանկարը ՀՀ հանրային ու քաղաքական դաշտում քննարկումների մեծ ալիք են բարձրացրել։
Sputnik Արմենիան հարցը քննարկել է մասնագետների հետ։

Այս հանդիպումն ավելի շատ Էրդողանին էր պետք. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը Թուրքիայի իրական քաղաքականության ծրագրերում չկա։ Նիկոլ Փաշինյանին հանդիպման հրավիրելով, նրա համոզմամբ, Էրդողանն իրականում այլ խնդիր է փորձում լուծել։
«Ես կարծում եմ` այս հանդիպումն ավելի շատ Էրդողանին էր պետք։ Թուրքիան հիմա իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է բարձրացնել այդ երկրի տեղն ու դիրքն աշխարհում, բայց ոչ թե համապատասխանեցնելով Թուրքիայի իրական պոտենցիալին, որը միջին պետության պոտենցիալ է, այլ իր գլխից բարձր թռչելով։ Սա շատ ամբիցիոզ քաղաքականություն է, որը ես բնութագրում եմ որպես արկածախնդրություն։ Թուրքիան ուզում է ավելի մեծ, ավելի հզոր երևալ, քան իրականում կա»,– ասում է Սաֆրաստյանը` հավելելով, որ Փաշինյանին նվիրած գիրքը հենց այդ մոտեցումն է արտահայտում։
Ամենն արվում է խաղաղության համար. Պապոյանը` Փաշինյան–Էրդողան հանդիպման ու գրքի մասին
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում ևս, մասնագետի մեկնաբանմամբ, Էրդողանը փորձել է ցույց տալ տարածաշրջանում Թուրքիայի դերի կարևորությունը` ներկայացնելով, որ իր երկիրը ձգտում է կարգավորել հարաբերությունները ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների հետ։
«Փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում հիմա ՌԴ–ի դիրքերը թուլացել են, ինքն է հիմնական դերակատարը»,– կարծում է թուրքագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ դա այսօր Թուրքիայի քաղաքական նպատակների մեջ չի մտնում։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Էրդողանը մեկ անգամ չէ հայտարարել, որ մինչև չլինի հայ–ադրբեջանական պայմանագրի ստորագրում, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ գործուն քայլ չի անի։
«Այնպես որ, ես կարծում եմ, այս հանդիպման մեջ որևէ էական նշանակությունչկա։ Այն որևէ արդյունք չի տա և որևէ բան չի փոխի»,– կարծում է Սաֆրաստյանը` միաժամանակ նկատելով, որ նման հրավերները դիվանագիտության մի մասն են, և, եթե չկա հրավերը մերժելու շատ լուրջ պատճառ, ապա այն պետք է ընդունել։
Հայաստանի համար վտանգավոր բան չի տեսնում, իսկ գրքով նկարվելը վերագրում է Նիկոլ Փաշինյանի` դիվանագիտական էթիկայով թույլատրվածից շատ ավելի ազատ պահվածքին։

ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ են գնալ Թուրքիային ընդառաջ. Հայկ Խալաթյան

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը հակառակ կարծիքի է։ Նրա գնահատմամբ` Էրդողանի հրավերն ընդունելով ու ընդգծված ջերմ վերաբերմունքով ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ են գնալ Թուրքիային ընդառաջ։
«Հայկական կողմը ցույց է տալիս, որ պատրաստ է զիջումների, տարբեր ժեստերի` հօգուտ Թուրքիայի։ Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ, միևնույն է, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվում, և Թուրքիան հստակ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ կոնֆլիկտում»,– նկատում է վերլուծաբանը։
Էրդողանի նվիրած գրքով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Հայկ Խալաթյանը համարում է թուրքական կողմից միտումնավոր արված քայլ` ՀՀ–ի և ՀՀ ղեկավարի հանդեպ իրենց վերաբերմունքը ցույց տալու նպատակով։
Էրդողանին այցելելով՝ Փաշինյանը տպավորություն է ստեղծում, որ տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է․ Գեղամ Մանուկյան
«Նայեք` գրքի վերնագիրն ու Արցախում տեղի ունեցածը։ Ստացվում` է Թուրքիայի նախագահի պատկերացրած ապագան Արցախն առանց արցախահայությո՞ւնն է։ Մենք հիշում ենք, որ նույնիսկ, երբ Հայաստանը Թուրքիայի երկրաշարժից հետո օգնություն էր ուղարկել, Էրդողանը ադրբեջանցի փրկարարների հետ հանդիպման ժամանակ առիթը բաց չէր թողել մի քանի անգամ հիշատակելու, թե ինչպես է Թուրքիան օգնել Ադրբեջանին 44–օրյա պատերազմի ժամանակ, չնայած, որ հայ փրկարարներն այդ նույն պահին աղետի գոտում աշխատում էին ու օգնում տուժածներին։ Ստացվում է` հայերն օգնում են Թուրքիային, իսկ Թուրքիայի ղեկավարը հպարտորեն հիշում է, թե ոնց է օգնել ադրբեջանցիներին սպանել հայերին։ Դրա համար հարց է ծագում` ինչո՞ւ է երկրի վարչապետը թույլ տվել, որ այդ լուսանկարն արվի կամ ինչո՞ւ էր այդպես հիացած այդ գրքով»,– նշում է Խալաթյանը։
Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպելուն, այս հարցում վերլուծաբանը կիսում է Ռուբեն Սաֆրաստյանի տեսակետը` նկատելով, որ դիվանագիտական հարաբերություններն անհրաժեշտ են, բայց հանդիպումը, նրա համոզմամբ, պետք է կայանար մեկ այլ վայրում, այլ ոչ թե «Թուրքական տանը»։
«Հանդիպումներ, իհարկե, պետք են, բայց դու պետք է ցույց տաս, որ պատրաստ ես քո շահերը պաշտպանել, առաջ տանել և հասկանալ, որ, եթե Թուրքիայի նախագահը քեզ կանչում է «Թուրքական տուն», ապա փորձելու է դրանով իր երկրի ու միջազգային հանրությանը ներկայացնել, թե` ՀՀ ղեկավարը, ամեն ինչ մոռանալով, պատրաստ է գալ ինձ մոտ, միայն թե ինձ հետ բանակցություններ վարի»,– եզրակացնում է Հայկ Խալաթյանը։
ԱՄՆ–ում հայ–թուրքական հանդիպումներն այսքանով չեն սահմանափակվել. Փաշինյանի տիկինը սեպտեմբերի 26-ին տեսանյութ է հրապարակել Էրդողանի տիկնոջ հետ ջերմ հանդիպումից։
Աննա Հակոբյան – Էմինե Էրդողան հանդիպումն ու զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի կազմակերպած ընդունելությանը, որին ներկա են եղել տարբեր երկրների առաջնորդների կանայք, ովքեր իրենց ամուսինների հետ ժամանել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։ Այս տեսանյութը ևս հայաստանյան հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել։