Սոնա Մնացականյանի վրաերթի գործով անցնող պաշտոնատար անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվի

Սոնա Մնացականյան
Տուժող կողմը որոշումը հերթական անգամ դատական կարգով կբողոքարկի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, ուստի քրեական վարույթը կկարճվի։ Այդ մասին «Ֆեյսբուքում» գրել է տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
Պաշտպանի խոսքով` այդ որոշումը կայացվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից։
«Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պականջները»,– գրել է Ասլանյանը։
Նա տեղեկացրել է, որ տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դատական կարգով կբողոքարկի, թեև գիտի գործող իշխանության օրոք նմանատիպ բողոքների ելքը։
Նշենք, որ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։