Արցախյան պատերազմի մասին ֆիլմը չի ներկայացվի «Օսկարի». ի՞նչ են ասում կինոակադեմիայից

Կադր «1489» ֆիլմից
Կինոակադեմիայի խորհրդի 43 անդամն էլ մասնակցել են ֆիլմերի նախնական ընտրության համար քվեարկությանը, որը գաղտնի է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայանա «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմով, որի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է։
Նշենք, որ ֆիլմերի նախնական ընտրության համար Հայկական ազգային կինոակադեմիային ներկայացվել էր 4 ֆիլմ` «Մեդալի հակառակ կողմը», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «1489», «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից»:
«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» ֆիլմը չի ներկայացվելու «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Օգտատերերի շրջանում այս հարցը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել և շատերի դժգոհության առիթ դարձել։
Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի հեղինակ Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ երկար ժամանակ փնտրել է անհետ կորած, դաշնակահար եղբորը` Սողոմոնին: Շողակաթն այդ ամբողջ ընթացքը նկարել է.3 տարվա կադրերը, ընտանիքի ապրումները տեղ են գտել ֆիլմում:
Sputnik Արմենիան հարցի վերաբերյալ զրուցեց ֆիլմի հեղինակի հետ, որը նշեց` էլեկտրոնային փոստի միջոցով է տեղեկացել, որ իր ֆիլմը չի ընտրվել։
«Կինոակադեմիայի ներքին խոհանոցից տեղյակ չեմ, չգիտեմ` ինչ չափորոշիչներով են ընտրում ֆիլմերը, միայն կասեմ, որ դիմելու ժամկետները պահելով եմ դիմել և ուղարկել ֆիլմը: Անձնական տեսանկյունից կամ հենց ֆիլմի համար դրանից ոչինչ չի փոխվում: «1489»-ը շարունակում է ճամփորդել աշխարհում ու պատմել: Կարևոր եմ համարում ազգային, հայրենիքի ու պետության, հանրային շահերը ու չեմ ընդունում միայն անձնական շահը գերադասողներին: Սա նաև ցույց եմ տվել 2021 թվին, վարչապետի մրցանակից բեմից հրաժարվելով, որը, բնականաբար, չլուսաբանվեց: Ես դա արեցի բոլոր ծնողների համար, որոնք զավակ են կորցրել պատերազմում»,– ասաց Շողակաթը։
Նա ընդգծեց, որ շատ կարևոր է, երբ հնարավորինս մեծ բեմերից է ֆիլմը ներկայացվում, քանի որ դա մեծ հնարավորություն է կարևոր բաների մասին խոսելու համար։ Իսկ «1489»–ը պատմում է հայ ազգի վերջին տարիների ամենամեծ պատմական եղելությունների մասին։
Ֆիլմի հեղինակը շեշտեց` միջազգային մամուլը, հանրությունը շատ ուշադրություն չի դարձնում Հայաստանի և Արցախի խնդիրներին, քանի որ նույնիսկ շատերը տեղյակ էլ չեն, թե ինչ է եղել, անգամ 1915-ի Ցեղասպանությունից տեղյակ չեն։ Եվ հայերը պետք է օգտագործեն հնարավորությունները այդ մասին հնարավորինս շատ պատմելու, որովհետև արվեստը մեծ հաշվով քաղաքական է, իր ֆիլմն էլ, իր խոսքով, մեծ իմաստով քաղաքական է։

«Իմ «1489» ֆիլմը ոչ միայն 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին է, այլև կիսում է աշխարհում պատերազմների միջով անցնող բոլոր անձանց ցավը։ Հենց դրա համար էլ այն ուժեղ ազդեցություն է թողնում։ Այնպես չէ, որ մեր կինոակադեմիան ընտրեր, ապա «Օսկարին» անպայման ցուցադրելու էին, այնտեղ էլ այլ ընթացակարգեր կան։ Այս ֆիլմը պատմում է վերջին տարիներին մեզ հետ կատարվող իրադարձությունների մասին։ Արվեստը իրեն հատուկ կերպով կարող է քաղաքականության վրա դրական հետք թողնել, կարող է օգնել շատ հարցեր գլուխ բերել»,– նշեց նա։

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանը քվեարկության և ֆիլմի ընտրության մասին որևէ տեղեկություն չհայտնեց, նաև նշեց, որ ինքը շատ զբաղված է։ Կինոակադեմիայի քարտուղար Նատալյա Ղազանչյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ 43 անդամ է ընտրությանը մասնակցել, գաղտնի քվեարկություն է եղել։
«Ընդհանուր 4 ֆիլմ է ներկայացվել, կինոակադեմիկները դիտում են դրանք, հետո գաղտնի քվեարկում։ Ձայների մեծամասնությունը ստացել է «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, բայց եղել է ֆիլմ նաև, որ մեկ ձայն է ստացել»,– նշեց Ղազանչյանը։
Հիշեցնենք, որ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել է կարևորագույն մրցանակների` «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI:
Նշենք, որ Կինոակադեմիայի խորհրդի անդամներն են Կարեն Ղազարյանը, Հարություն Խաչատրյանը, Սարիկ Անդրեասյանը, Սերժ Ավեդիքյանը, Ռուբեն և Արմեն Դիշդիշյանները, Միքայել Դովլաթյանը, Միքայել Պողոսյանը, Շուշանիկ Միրզախանյանը և այլք։