ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գաբրիել Ավետիսյանի քույրն է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը։
Գաբրիելի մայրը` Նելլի Թումանյանը, պատմում է, որ հղիությունը պլանավորված չի եղել, բայց երեխայի ծնունդը մեծ լույս է բերել իրենց տուն։
«Նրա ծնունդը ապրելու նոր հույս է տալիս։ Շնորհակալ եմ Աստծուն այս պարգևի համար»,– ասում է տիկին Նելլին։
Նշենք, որ Գաբրիելին նաև «Հրեշտակապետ» են անվանել։
Գաբրիել Ավետիսյանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր, ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին։
2019թ հուլիսի 10-ին հերոս Գաբրիելը զորակոչվել է բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում, այնուհետև 6 ամիս ծառայելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվել Արցախի Հանրապետության Մարտունի 2 զորամաս։ Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններին, ստացել պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ լավագույն ծառայության համար։
Պատերազմի մեկնարկի առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում, կռվել է Աղդամում, Մարտունիում, իսկ հոկտեմբերի 19-ից՝ Ֆիզուլիում։ Պատերազմի ընթացքում խոցել է մեծ թվով թշնամական տանկեր ու զրահատեխնիկա։
Գաբրիելը զոհվել է հոկտեմբերի 26-ին Ֆիզուլիում։ Նա պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ հայրենիքին մատուցած ծառայության համար ՀՀ Առաջին գնդի կողմից պարգևատրվել է մեդալով և պատվոգրով։