ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Մի խումբ ռուս պատգամավորներ և սենատորներ՝ Պետդումայի և Դաշնային խորհրդի նախագահներ Վյաչեսլավ Վոլոդինի և Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, Պետդումա են մտցրել օրինագիծ՝ երեխայի ծննդաբերությունից հրաժարվելու քարոզչության պատժի մասին (childfree` ծննդաբերությունից կամավոր հրաժարում, – խմբ․): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի էլեկտրոնային բազայում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ռուսաստանի օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ երեխա ունենալուց հրաժարվելու քարոզչությունը կհավասարեցվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների և սեռափոխության քարոզչությանը: Նման գործողությունների համար քաղաքացիներին սպառնում է տուգանք մինչև 100 հազար, պաշտոնատար անձանց՝ մինչև 200 հազար, իսկ իրավաբանական անձանց՝ մինչև 1 միլիոն ռուբլու չափով կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության կասեցմամբ: Եթե քարոզչությունն ուղղված է անչափահասներին, տուգանքները կրկնապատկվում են:
Լրատվամիջոցներով կամ համացանցով քարոզչության համար քաղաքացիներին սպառնում է տուգանք մինչև 200 հազար, պաշտոնատար անձանց՝ մինչև 400 հազար, իսկ իրավաբանական անձանց՝ մինչև 4 միլիոն ռուբլու չափով: Առավելագույն տուգանքի չափ է սահմանվում 5 միլիոն ռուբլին, եթե չայլդֆրիի քարոզչությունն ուղղված է անչափահասներին: Այս դեպքում ֆիզիկական անձանց սպառնում է մինչև 400 հազար ռուբլի, իսկ պաշտոնյաներին՝ մինչև 800 հազար ռուբլի տուգանք:
Օրինագիծը նաև պատժամիջոցներ է սահմանում չայլդֆրի քարոզող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ: Նրանց սպառնում է 50-100 հազար ռուբլի տուգանք, որին հաջորդում է վտարումը Ռուսաստանից կամ կալանքը մինչև 15 օր ժամկետով, ապա վտարումը։ Եթե քարոզչությունն իրականացվում է անչափահասների շրջանում կամ ինտերնետով, տուգանքները կրկնապատկվում են։ Անչափահասների շրջանում ինտերնետով միաժամանակյա քարոզչության դեպքում օտարերկրացիների համար տուգանքը կկազմի 200-ից 400 հազար ռուբլի՝ գումարած արտաքսումը: