ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում կաթի միջին օրական սպառումը մեկ անձի կտրվածքով կազմում է ընդամենը 50 մլ։ Այս մասին Դպրոցական կաթի համաշխարհային օրվա շրջանակներում Sputnik Արմենիային ասել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդային շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար և պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։
«Զուտ կաթի օգտագործումը մնում է բավականին ցածր մակարդակի վրա, ինչը ցույց է տալիս բնակչության սննդային սովորությունները», - նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարիներին այդ ցուցանիշը երբեմն իջել է մինչև 47 մլ-ի:
Պիպոյանի կարծիքով՝ կաթի սպառման ցածր մակարդակը մեծապես կապված է դրա վնասակարության մասին տարածված առասպելներով։

Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Երևանում Դպրոցական կաթի համաշխարհային օրվա ժամանակ
© Sputnik
Փորձագետն ընդգծել է, որ վերջին տարիներին աճել է այն մարդկանց թիվը, որոնք առանց բժշկական հիմնավորումների կաթը բացառում են իրենց սննդակարգից՝ համարելով, որ կաթնաշաքարը (լակտոզան) չեն կարողանում տանել:
Ինչ վերաբերում է այլ կաթնամթերքներին, ապա Հայաստանում առավել տարածված է պանիրը։
Ակտիվ սպորտով զբաղվող քաղաքացիներն իրենց սննդակարգում ավելի շատ ներառում են սպիտակուցներով հարուստ սնունդ, ինչպիսիք են մածունը և կաթնաշոռը: Ավագ սերունդը նախընտրում է ֆերմենտացված կաթնամթերքը, մասնավորապես՝ մածունը։ Հետաքրքիր է, որ մարդիկ, որոնք նախընտրում են պանիրը, հակված են օգտագործել ավելի քիչ կաթնաշոռ:
Դպրոցական կաթի համաշխարհային օրը Երևանում
© Sputnik
Այնուամենայնիվ, մասնագետները շեշտում են կաթի՝ որպես սպիտակուցի և կալցիումի աղբյուրի կարևորությունը՝ հատկապես երեխաների և դեռահասների համար: Դպրոցական կաթի համաշխարհային օրն անցկացվում է կաթի օգտակարության մասին իրազեկվածության բարձրացման և դպրոցներում դրա օգտագործումը խթանելու նպատակով, ինչը հատկապես արդիական է կաթի սպառման ցածր ցուցանիշ ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է:
Փորձագետները նաև ուշադրություն են դարձնում կաթի օգտակարության մասին բնակչությանը ճիշտ տեղեկացնելու կարևորությանը, ինչը կարող է փոխել առկա կարծրատիպերը և բարձրացնել երկրում կաթնամթերքի սպառման մակարդակը:
Եվրասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և «Երեմյան Պրոջեքթս» ընկերության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է «Կաթը դպրոցներին» ծրագիրը, որի շրջանակներում 2024-2025 ուսումնական տարում 5-9-րդ դասարանների 1350 աշակերտ կապահովվի կաթով:
Այսօր Երևանում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Դպրոցական կաթի համաշխարհային օրվան: