ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը, հայտնում են ԱՆ-ից:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։
Որոշման համաձայն՝ պետք է ամբողջությամբ դադարեցնել Ծաղկաձորում գտնվող հյուրանոցի շահագորոծւմն ու «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Հիշեցնենք` այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը դիմում է գրել, դուրս է եկել ՀՀԿ–ից, կուսակցություն է բացել և մի քանի օր հետո ընտրվել է նորաստեղծ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ։
Պողոսյանն արդեն 5 տարի է` ապրում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով։
Նա հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2023 թվականի օգոստոսին դատախազությունը հայտնեց, որ նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: