ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. 83 տարեկանում մահացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Սարգսյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։ Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գիտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Յուրի Սարգսյանը 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։
ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Յուրի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին։
Յուրի Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի հանձնաժողով։