ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը` Նյու Յորքումելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկմանը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում ենԱրդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում»,–նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները:
Միրզոյանը ֆորումի բոլոր մասնակիցներին հրավիրել է Հայաստան` դեկտեմբերի 18-ին մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը։