ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածները Մերձավոր Արևելքի լիարժեք ապակայունացման ռիսկ են պարունակում։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսեց հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Հարվածի տակ հայտնվեցին տասնյակ գյուղեր և մարզային մի շարք բնակավայրեր։ Լիբանանի «Հզբոլլահ» շիական շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ արձակեցին Իսրայելի հյուսիսային հատված։ Լիբանանի կառավարությունը հորդորեց ՄԱԿ–ին միջամտել իրավիճակին։
«Սա իհարկե իրադարձություն է, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում հակամարտության գոտու ընդլայնման, տարածաշրջանի լիարժեք ապակայունացման առումով։ Իհարկե դա մտահոգում է մեզ», – ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Իսրայելի հարվածները։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ: