Իսրայելական բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Թիրախ կարող էր դառնալ շիա «Հզբոլլահ» շարժման ռազմական ղեկավարության անդամներից Թալալ Համիեն, հայտնել է լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը:
Հարվածը հասցվել է բնակելի շենքին․ պայթյունը, ըստ ականատեսների, տեղի է ունեցել չորրորդ և հինգերորդ հարկերի միջև: Զոհվել է 5 մարդ, վիրավորվել 11-ը։
Սեպտեմբերի 24-ին ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեվին, գնահատելով անվտանգության հետ կապված իրավիճակը, հայտարարել էր, որ Իսրայելը հակառակորդին «հանգիստ չի տա», ինչպես նաև հայտնել էր «Հեզբոլլահի» օբյեկտներին ավիահարվածների ուժեղացման մասին:
Մինչ այդ հաղորդվում էր, որ «Հզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական Կիրյաթ Շմոնա բնակավայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Լիբանանի հարավին սեպտեմբերի 23-ին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, ինչը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր զոհվածների ամենամեծ թիվն է:
Սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնում է, որ Լիբանանից հեռանալ ցանկացող երկրի քաղաքացիների, ինչպես նաև այնտեղ բնակվող սիրիացիների նորանոր հոսքերը այսօր առավոտից ուղևորվում են դեպի Սիրիայի հետ սահման: