Իսրայելը հայտարարել է, որ չեզոքացրել է «Հզբոլլահ» շարժման հրթիռային ուժերի հրամանատարին

«Հզբոլլահ» շարժման անդամ
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Ալ-Կուբայսին «Հզբոլլահ» շարժման անդամ է դարձել մոտ 40 տարի առաջ և տարբեր ժամանակահատվածներում կարևոր ռազմական պաշտոններ է զբաղեցրել կազմակերպությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Բեյրութում կետային հարվածի արդյունքում ոչնչացրել է «Հզբոլլահ» շարժման հրթիռային ուժերի հրամանատար Իբրահիմ Ալ-Կուբայսիին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են Բեյրութի Դահիա շրջանը և ոչնչացրել «Հզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատար Իբրահիմ Ալ-Կուբայսիին»,-ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ըստ ՑԱԽԱԼ–ի` հարվածի պահին այնտեղ են գտնվել նաև «Հզբոլլահի» հրթիռային ուժերի այլ առանցքային հրամանատարներ։
Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ Ալ-Կուբայսիի հրամանատարության ներքո են գտնվել մի քանի հրթիռային ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Հզբոլլահի» բարձր ճշգրտության կառավարվող հրթիռների միավորումը: ՑԱԽԱԼ–ը նշում է, որ Ալ-Կուբայսին հրթիռների ոլորտում գիտելիքների կարևոր աղբյուր էր և սերտ կապեր ուներ «Հզբոլլահի» բարձրագույն ռազմական առաջնորդների հետ։
Բացի այդ, նշվում է, որ Ալ-Կուբայսին «Հզբոլլահ» շարժման անդամ է դարձել մոտ 40 տարի առաջ՝ տարբեր ժամանակահատվածներում կազմակերպությունում զբաղեցնելով մի քանի կարևոր ռազմական պաշտոններ, այդ թվում՝ հանդիսանալով Լիբանանի հարավում «Հզբոլլահի» օպերատիվ ստորաբաժանման հրամանատար սպա:
«Հզբոլլահը» Ցֆաթի շրջանում հարվածել է Իսրայելի բանակի հակաօդային պաշտպանության շտաբին