ՀՅԴ ԳՄ-ն հակասահմանադրական է համարում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ՀՅԴ դրոշը
Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունները որպես պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու համար կանոնակարգում հստակ պետք է նշվի, թե ինչպես են կարգավորվելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վեճերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մասին հայտարարությամբ՝ հակասահմանադրական համարելով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
ՀՅԴ ԳՄ-ն նախ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարելուն` նշելով, որ իբրև փաստարկ բերվող այն հանգամանքը, որ հռչակագրով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որևէ կերպ չի կաշկանդել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք:
«Հետևաբար Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումը որևէ կերպ չի զսպում ադրբեջանական ագրեսիան: Առավել ևս, երբ կանոնակարգը նախատեսում է ապագայում հիմնարար սկզբունքի փոփոխականության հնարավորություն»,- նշված է ԳՄ–ի հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հիշատակում է ՀՀ իշխանությունների պնդումները, թե սահմանազատման հիմքում ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1976-78 թթ․ կազմված և 1979 թ․ հերթապահության անցած քարտեզն է , որով ուրվագծվում էին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական այն սահմանները, որոնք հանդիսացել են «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահման»։ Սակայն Կանոնակարգի տեքստում այդ քարտեզին որևէ հղում չկա։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ։ Սահմանազատման արդյունքում այդ ուրվագծի փոփոխությունը ենթակա է հաստատման հանրաքվեով, հակառակ դեպքում կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման:
Սահմանազատման հիմնարար սկզբունքները պետք է գործեն սահմանի յուրաքանչյուր հատվածի համար։
«Սահմանազատման ժամանակ պետք է գործի «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքը»։ Այսինքն՝ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը»,- նկատում են ՀՅԴ-ից։
Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունները որպես պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու համար հստակ պետք է նշվի, թե ինչպես են կարգավորվելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վեճերը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն շեշտում է, որ կանոնակարգով անտեսվում են այն իրավական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության տարածքային շահերը, ինչ հիմքեր է ստեղծում հետագա միակողմանի զիջումների համար:
Առ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հակասահմանադրական է համարում նման փաստաթղթի գոյությունը և շեշտում, որ այն ենթակա չէ Ազգային ժողովի կողմից ընդունման։
Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը Սահմանադրական դատարան է ներկայացրել որոշելու համար` այն համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ։
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Ինչո՞ւ է շտապում իշխանությունը. Օրբելյանը` սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին
Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։