ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են կրկնակի հատակով արկղերում թաքնված ծխախոտի մաքսանենգ ներկրման սխեմա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊԸ-ն անցյալ տարվա փետրվարին տարանցման հայտարարագրով հայտարարագրել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ, որտեղ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։
Պարզվել է, որ արտադրող ընկերության կողմից նշված ծխախոտները ՀՀ տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊԸ-ն ստանձնել է դրանց արտահանումը։ Առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման ծխախոտն իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88.864.800 ՀՀ դրամ։
Ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։ Նախաքննությունը շարունակվում է: