«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի հոգևոր դասի ձեռամբ տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը։
Հուշակոթողի նախագծումն իրականացրել են արցախցի ճարտարապետներ, հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյանները։
«Բուն կոթողը լինելու է 6 մ բարձրության։ Այն նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների և 2023 թվականի սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի վառելիքի պայթյունի զոհերի հիշատակին։ Մեր առջև իսկզբանե խնդիր ենք դրել, որ հուշակոթողի բարձրությունը երևա։ Լինելու է բաց խորան, որի վրա բրոնզե տառերով գրվելու է հուշակոթողի անվանումը»,–ասաց Միքայել Սարգսյանը։
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը և Արցախի այլ հոգևորականներ աղոթք բարձրացրին առ Աստված։
Եռաբլուրում հավաքվածներին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ պիտի անել, որ Արցախի Հանրապետությունը ՀՀ–ում լինի լիարժեք` իր օրենսդիր և գործադիր բոլոր կանոններով։
«Ամեն ինչ պետք է անել Արցախը գերությունից ազատելու համար, որպեսզի նորից վերականգնվի հայի և քրիստոնյայի արժանապատվությունը։ Այսօր միակ երաշխավորը Արցախի Հանրապետությունն է, որ նրա ժողովուրդը կարողանա համախմբված լինել և իրականացնել իր սրտինն ու մտքինը։ Այս է միակ գերնպատակը, որ Արցախը տեսանելի լինի և սփյուռքի մեր հայրենակիցների և միջազգային կառույցների համար»,– ասաց Արցախի թեմի առաջնորդը։
Նշենք, որ հուշակոթողը կամփոփի ԼՂ բոլոր նահատակների, ԼՂ-ում բոլոր հուղարկավորվածների և 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: