ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է Covid-19 համավարակից ի վեր դրամավարկային քաղաքականության ամենանշանակալի մեղմացման մասին։
Նման որոշման նպատակն է հաղթահարել տնտեսության դանդաղումը, որը սկիզբ է առել 2021 թվականին շինարարական ոլորտում գրանցված ճգնաժամից: Այն ժամանակ Չինաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել էր, բայց երկրի ԿԲ-ն ձեռնպահ էր մնում տոկոսադրույքների կտրուկ իջեցումից, որպեսզի խուսափի կապիտալի արտահոսքից դեպի ԱՄՆ, որտեղ Դաշնային պահուստային համակարգը պահպանում էր բարձր տոկոսադրույքները: ԱՄՆ ԴՊՀ-ի վերջին որոշումից հետո, սակայն, չինական կարգավորող մարմինը հետևել է նրա օրինակին։
Գործող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը իջեցվել է 0,5%-ով, իսկ նորերի տրամադրումը կպարզեցվի դրանց պարտադիր պահուստավորման նորմատիվի մեղմացման պատճառով (կենտրոնական բանկի պահանջով՝ վարկերի չվճարման դեպքում բանկերը պետք է որոշակի գումար հատկացնեն որպես ապահովագրական պահուստ)։ Բացի այդ, երկրորդ բնակարանի գնման նվազագույն վճարը կրճատվել է 25%-ից մինչև 15%-ով: Տնտեսությունը խթանելու նպատակով ընդհանուր առմամբ կթուլանան նաև չինական բորսաներում փոխառու միջոցների օգտագործմամբ ներդրումների սահմանափակումները:
Չինաստանի տնտեսական դժվարությունները սկսվեցին 2021 թվականին, երբ իշխանությունները սահմանափակեցին շինարարական ընկերությունների վարկերի ծավալները՝ փորձելով կանխել անշարժ գույքի շուկայի փուչիկը։ Այդ միջոցները հանգեցրին մի շարք խոշոր կառուցապատողների սնանկացման և ամբողջ տնտեսության հետագա դանդաղեցման։ Սա իր հերթին նվազեցրեց պղնձի համաշխարհային պահանջարկը, քանի որ Չինաստանը դրա ամենամեծ սպառողն է:
2022 թվականին պղնձի գները նվազեցին՝ 1 տոննայի դիմաց 9-10 հազար դոլարից իջնելով մինչև 7-8 հազար դոլար, բայց հետո վերականգնվեցին էլեկտրամոբիլներ արտադրողների և վերականգնվող էներգետիկայի աճող պահանջարկի շնորհիվ։
Այժմ Չինաստանի արդյունաբերական և շինարարական հատվածների ակտիվացմամբ սպասվում է պղնձի գների հետագա աճ, ինչը կարևոր է Հայաստանի համար, քանի որ պղնձի խտանյութը մեր երկրի հիմնական արտահանվող ապրանքներից մեկն է: