Սևանա լճում լողասեզոնը փակվեց. ջրային պարեկները հանցագործության 29 դեպք են բացահայտել

Ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել:
Sputnik
Ջրային պարեկային ծառայությունը լողասեզոնի ընթացքում հանցագործության 29 դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը` ազդարարելով լողասեզոնի փակումը։
«Բացահայտվել են թմրանյութի, սառը զենքի, զենք–զինամթերքի հայտնաբերման, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ձկնորսության և այլ դեպքեր»,– ասել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը։
Նա նաև նշել է, որ ապօրինի ձկնորսության հայտնաբերման արդյունքում հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 9 լողամիջոց, առգրավվել է 1 295 կգ տարբեր տեսակի ձուկ, ինչպես նաև ձկնորսական պարագաներ, ցանցեր, հանդերձանք, լողամիջոցների շարժիչներ։
«Ունենք ջրահեղձությունից փրկված 5 քաղաքացի, որոնք անցել էին սահմանված լողանշանները դեպի լճի խորքը և չէին կարողանում վերադառնալ։ Դեպքեր են եղել, երբ քաղաքացու ինքնազգացողությունն է վատացել, մեր տղաները կարողացել են փրկել նրան ու անվտանգ հանել ափ։ Որոշ դեպքերում նաև շտապօգնության մեքենային են հանձնել տուժածին ու տեղափոխել հիվանդանոց»,– ավելացրել է Ճզմաչյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ կազմվել է վարչական իրավախախտման 9 988 արձանագրություն, փրկարարներն արձագանքել են 20 արտակարգ դեպքի, այդ թվում` ջրային տրանսպորտային միջոցի մասնակցությամբ պատահարների, նաև օգնություն են ցուցաբերվել լճում ափից բավական հեռավորության վրա գտնվող ու լողալ չկարողացող քաղաքացիներին։
Ի դեպ, փրկարարներն իրենց ծառայությունն իրականացրել են դրոնով եռալեզու իրազեկմամբ, մոտորանավակներով շրջայց կատարելով։
Արձանագրվել է նաև, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել: