Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը հիմնանորոգվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
«Թռիչքային կառուցվածքների և մայթերի վրա իրականացվելու է նաև ջրամեկուսացում, կառուցվելու է դրենաժային համակարգ, կատարվելու են ներկման և այլ աշխատանքներ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիմնանորոգման շրջանակում երթևեկելի մասից հանվում է վերին շերտը, որը վերականգնվելու է ասֆալտբետոնե նոր շերտով։
Դեպարտամենտից հայտնում են, որ կամուրջը երկհարկանի է, ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով՝ ավտոճանապարհը։
Նշենք, որ կամրջի ամբողջ երկարությունը 640 մ է, լայնությունը` 14,5 մ: Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից: Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121 մ է: