ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ. խմբ.) իր զինծառայողներին արգելել է կապի միջոցներ օգտագործել: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը ՝ հղում անելով Իրանի անվտանգության ծառայությունների իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԻՀՊԿ-ում ոչ միայն կապի միջոցների, այլև գրեթե բոլոր տեխնիկական սարքավորումների լայնածավալ ստուգում է սկսվել: Միջադեպերը մտահոգել են ղեկավարությանը, որը «Հզբոլլահ» շարժումից խնդրել է փորձաքննության արդյունքները, ինչպես նաև պայթած սարքերի մի քանի նմուշ:
Աղբյուրներից մեկը նշել է, որ ԻՀՊԿ-ն նաև մանրակրկիտ հետաքննություն է նախաձեռնել իր զինծառայողների և միջին և բարձր օղակի սպաների նկատմամբ՝ նպատակ ունենալով հայտնաբերել, թե ովքեր են գումար ստանում Իսրայելի հետ կապված կազմակերպություններից:
«Ստուգվում են ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում նրանց պատկանող բանկային հաշիվները, նրանց և ընտանիքների ուղևորությունների պատմությունը»,-նշել է աղբյուրը:
Սեպտեմբերի 22-ին ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ իսրայելական 12 գործակալներից բաղկացած ցանց է բացահայտել Իրանում: Գերատեսչության տվյալներով՝ նրանք երկրի ազգային անվտանգության խաթարմանն ուղղված ակցիաներ էին ծրագրել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: