Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 100–ի. տեսանյութ

Տարածաշրջանում իրադրության հերթական լարումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3հազար քաղաքացիներ վիրավորվել են:
Sputnik
Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված խաղաղ քաղաքացիների թիվը սեպտեմբերի 23-ին հասել է 100-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարությունը:

«Հայտարարության հրապարակման պահին զոհվածների թիվը հասել է 100-ի։ 400 մարդ վիրավորվել է: Զոհերի և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրադրությունը հերթական անգամ լարվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվել են: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հըզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասային բնակելի թաղամասերում։