ԱՄՆ-ում հայտնի գործարարի կնոջը առևանգելու գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Երևանի լողավազաններից մեկում, որտեղ 2 դիմակավորված անձ, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, առևանգել են կնոջը` նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում հայտնի գործարարի կնոջը առևանգելու գործով Ա. Օ.–ի մասով պաշտպանական կողմը կալանավորման որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը, Արայիկ Ներսիսյանը, Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 դիմակավորված անձ, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, սեպտեմբերի 4-ին Երևանի լողավազաններից մեկից առևանգել են մի կնոջ` նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Այս գործով 4 անձի դատարանը 2 ամսով կալանավորել է։
«Սա հերթական ապօրինի հետապնդումն է, որտեղ ենթադրյալ դեպքի հետ կապվել է բոլորովին անմեղ մարդ։ Գործով կալանքի միակ հիմքը եղել է գործի հնչեղությունը։ Լիահույս ենք, որ Վերաքննիչ դատարանը տուրք չի տա գործի հանրային մեծ հետաքրքրությանը և գործը կքննի բացառապես կալանքի ռիսկերի համատեքստում»,– գրել են փաստաբանները։
Նշենք նաև, որ առևանգված 55-ամյա կնոջ ամուսնուց 4 մլն դոլար փրկագին են պահանջել, որը պետք է կրիպտոարժույթի միջոցով փոխանցվեր։ Հանցագործներն առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել էին 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել էր 2 մլն դոլար, իսկ երբ ամուսինն ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան, փրկագինը դարձել էր 800 հազար դոլար։