Իմ սրտում իմ ընտանիքն է ու թենիսը. ինչո՞ւ է Էլինա Ավանեսյանը վերադարձել հայրենիք

Էլինա Ավանեսյան
Իսպանիայում բնակվող ու շատ խիտ գրաֆիկ ունեցող մարզիկը խոսք չի տալիս, որ հաճախ կայցելի Հայաստան, բայց վստահեցնում է, որ այցերը հաստատ կավելանան։
Sputnik
Աշխարհի 49-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որն արդեն հանդես է գալիս հայկական եռագույնի ներքո, թենիսը Հայաստանում զարգացնելու ու մասսայականացնելու նպատակ ունի։ 21–ամյա հայուհին, որը մինչ այս հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, «Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով ու աջակցությամբ որոշել է վերադառնալ արմատներին։ Նա իր ծրագրերի մասին պատմել է Sputnik Արմենիային։

Արցախյան արմատներն ու առաջին այցը հայրենիք

Էլինա Ավանեսյանի ծնողները Արցախից են։ 1990- ականների սկզբին հանգամանքների բերումով տեղափոխվել են Ռուսաստան` Պյատիգորսկ քաղաք։ Հենց այստեղ էլ 2002 թ.–ին ծնվել է ապագա թենիսիստուհին։
Էլինա Ավանեսյան
Երբ Էլինան փոքր է եղել, մայրը հաճախ է պատմել հայրենիքի` Արցախի բնության, մաքուր օդի ու նաև կենցաղի մասին։
«Մոտ 10 տարի առաջ առաջին անգամ եկա այստեղ` մասնակցելու թենիսի մրցաշարի։ Գնացինք Ծիծեռնակաբերդ, Գառնի, Գեղարդ, Սևան... Եղանք նաև Արցախում։ Հանդիպեցի բարեկամներիս, այն ժամանակ դեռ Արցախում էին ապրում։ Ինձ շատ դուր եկավ մթնոլորտը, շա՜տ կոկիկ ու գեղեցիկ տեղ է»,– ասում է մարզուհին։
Խոսելով իր հպարտանալու առիթների մասին` նա առանձնացնում է սպորտն ու հայրենիքը։
«Հպարտանում եմ իմ ձեռքբերումներով, արդյունքներով, ընտանիքով ու արմատներով, ինչպես նաև Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իմ որոշմամբ»,– ընդգծում է Էլինան։

Եղբոր հետքերով մինչև Մեծ սաղավարտ

Էլինան սկսել է թենիս խաղալ 6 տարեկանից` հետևելով մեծ եղբոր օրինակին։ Մի քանի տարի անց եղբայրը թողել է թենիսը, իսկ համառ Էլինան` ոչ։ 13 տարեկանում նա տեղափոխվել է Մոսկվա` ավելի պրոֆեսիոնալ մարզումների համար ։ Իսկ արդեն 18–ում մեծ երազանքի հետևից տեղափոխվել է Իսպանիա։
Արդեն 2022 թվականին առաջին անգամ հանդես է եկել Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում՝ որակավորման միջոցով դուրս գալով ԱՄՆ բաց առաջնության հիմնական ցանց։
«Աշխարհում շատ լավ մարզիկներ կան, բայց ես միշտ ձգտում եմ լինել հենց իմ ավելի լավ տարբերակը։ Դա ինձ համար ամենալավ մոտիվացիան է։ Ամեն օր ես փորձում եմ անել հնարավորը իմ նպատակներին հասնելու համար»։
Էլինա Ավանեսյան

Վախերի ու խոհանոցային հետաքրքրությունների մասին

Հայկական խոհանոցի սիրելի ուտեստը խորովածն է։ Հայաստան այցելելիս առիթը բաց չի թողնում համտեսել իր սիրելի ուտեստը։ Էլինան սիրում է նաև պատրաստել։
«Երբ ծնողներիս հետ էի ապրում, շատ հաճախ էի աղանդեր պատրաստում։ Բոլորը ուտում էին ու շատ գոհ էին, իսկ ինձ դա շատ հաճելի էր։ Իհարկե ես իմ պատրաստածները հիմնականում չեմ ուտում. մարզումների պատճառով հատուկ սննդակարգ ունեմ»։
Ազատ ժամանակ (եթե իհարկե ունենում է) նախընտրում է ոչինչ չանել, պարզապես հանգստանում է մարզումներից։
Գուցե տարօրինակ հնչի, բայց պրոֆեսիոնալ մարզուհին շատ բաներից է վախենում։ Օրինակ` տարբեր տեսակի միջատներից, ջրից, քանի որ լողալ չգիտի։
Իսկ ազա՞տ է արդյոք Էլինայի սիրտը։
«Իմ սրտում իմ ընտանիքն է ու թենիսը»,– կարճ պատասխանում է նա։
Կանանց թենիսի ասոցիացիան օգոստոսի 5-ին թարմացրեց Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը. նոր վարկանիշում նա նշված էր ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ներկայացուցիչ: Թենիսիստուհին օգոստոսի 8-ին Հայաստանի քաղաքացու անձնագիր ստացավ։