Իրանական բանակը «Սրբազան պաշտպանության շաբաթվա» (1980 թվականի սեպտեմբերին սկսված և 8 տարի տևած իրանա-իրաքյան պատերազմից հետո ամեն տարի անցկացվող միջացառում) պատվին կազմակերպված զորահանդեսի ժամանակ ներկայացրել է նոր «Shahed 136B» ԱԹՍ-ներ, ինչպես նաև 1000 կմ հեռահարությամբ «Jahad» հրթիռներ: Տեղեկությունը հայտնում է իրանական «IRNA» գործակալությունը:
Սեպտեմբերի 21-ին Իրանի զինված ուժերը լայնածավալ ռազմական շքերթներ են անցկացրել ամբողջ երկրով մեկ: Թեհրանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և բարձրաստիճան զինվորականներ:
Զորահանդեսին մասնակցել են իրանական բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողներ, ոստիկաններ և սահմանապահներ:
Զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են նաև ռազմական տեխնիկայի այլ նմուշներ, այդ թվում՝ «360» հրթիռային համալիրի տարբեր տեսակներ, «Fajr» հրթիռներ, «Qalavizan», «Zulfiqar», «Shabdiz» և «T-72M» տանկեր, զրահատեխնիկա և զրահափոխադրիչներ: