ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն անհամբեր սպասում է Հայաստանի հետ աշխատելուն։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ՀՀ անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում։
Նա նշել է, որ Հայաստանն ու ԱՄՆ–ն աշխատում են, որպեսզի հայ–ամերիկյան հարաբերությունները հասնեն ռազմավարական գործընկերության։
«Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում»,– գրել է Բայդենը:
Նրա խոսքով` ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»,– եզրափակել է Բայդենը:
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։