ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահները։
«Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո նաև գիտեն պահել:
«Փա՛ռք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովին արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին: Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ անկախությունն այն տոնն է, որի մասին սերունդներ էին երազել, նվիրաբերել իրենց կյանքը, միտքն ու ուժը։
Նա ընդգծել է, որ պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը:
«Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ` անցյալը արժևորելով, ներկայի իրողությունները հստակ գիտակցելով և ապագայի տեսլական ունենալով...»,- ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։