«Մեկ տարի առաջ այս օրը՝ դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ցավից չապաքինված, վերքերից տնքացող Արցախում կրկին պատերազմ էր՝ մեկօրյա արյունալի պատերազմ։ Սեպտեմբերն արցախցիների ու բոլորիս համար մնաց որպես ցավալի ամիս՝ անխնա տերևաթափվող օրերով»,- գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ հիշեցնելով. «Մեկ օր տևած պատերազմում զոհվեցին 214 զինծառայողներ, 21 խաղաղ բնակիչներ, անհետ կորավ 14 հոգի։ Զոհվածներից 54-ը հուղարկավորվել են Արցախում։ Նրանց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի»։
Պատերազմից հետո անցած տարիների ընթացքում ինչ ասես չլսեցինք մեր պարտության և Արցախի տխուր ճակատագրի համար մեղավորների մասին։ «Նախկիններն» են մեղավոր, որ չկարողացան ստեղծել իսկապես մարտունակ բանակ, իսկ բանակցությունները տարան այն ճանապարհով, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր Լեռնային Ղարաբաղի կորստին։ Արտաքին ուժերն էին մեղավոր, որոնք կարող էին, բայց չկանխեցին Արցախի դատարկումը։ Ղարաբաղի իշխանություններն էին մեղավոր, որովհետև մերժում էին խաղաղ լուծման բոլոր առաջարկները, վերջում էլ հենց իրենք հայտարարեցին չճանաչված հանրապետության լուծարման մասին։ Այս փաստարկներն անընդհատ շրջանառում են Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, սակայն կան նաև այլ կարծիքներ։
«Անիմաստ է ՔՊ-ականների հետ մտնել հրապարակային բանավեճի մեջ, թե ով է հանձնել Արցախը»,- փաստում է սոցցանցերի օգտատերերից մեկը՝ շարունակելով. «ՔՊ-ն է Արցախին հանձնել հոշոտման, սա պատմական փաստ է։ Արցախում եղե՞լ են մարդիկ, որոնք նպաստել են դրան, կարծում եմ՝ այո′, բայց նրանց մասնակցության չափը, որոշիչ լինելը հետագա քննության առարկա է։ Ընդունելի՞ է արցախցի որոշ պաշտոնյաների, գեներալների, դերակատարների պահվածքը՝ ո′չ։ Նրանք էլ դեռ շատ հարցերի պետք է պատասխան տան։ Իմ ելակետը հետևյալն է. Արցախը հանձնվել է Հայաստանի իշխանությունների գործուն նախաձեռնությամբ, իսկ միջազգային հանրության բոլոր դերակատարներն օգտվել են այդ հնարավորությունից՝ ամեն մեկը Բաքվի հետ իր հարցերն է լուծել մեր հաշվին»,- եզրափակում է գրառման հեղինակը։
Կան նաև հայաստանցիներ, որոնք համոզված են՝ կարելի է, իհարկե, մեղքը բարդել իշխանական ողջ վերնախավի վրա, բայց չէ՞ որ պետք է տրվի նաև կոնկրետ մարդու անունը։ Մեջբերեմ. «Արցախը հանձնել է այն մարդը, որը 2018- 20 թվանաններին մերժել է կարգավորման փաստաթուղթը, բանակցությունները սկսել է «իր կետից», լայքերի և ծափերի տարափի ներքո հիստերիկ ձայնով ազդարարել է «Արցախը Հայաստան է, և վերջ» աղետաբեր արտահայտությունը՝ պատերազմը բերելով մեր տուն: Արցախը հանձնել է այն մարդը, որը պատերազմի օրերին անգամ մտածել է իր անիծյալ վարկանիշի մասին և հրաժարվել է ընդունել հրադադար հաստատելու առաջարկությունը: Նա այդպես է վարվել, որպեսզի իրեն դավաճան չասեն՝ անգամներով մեծացնելով Եռաբլուրի տարածքը, մեր վշտի խորությունը: Արցախը հանձնել է այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղի խնդրում նշաձողն իջեցնելը դարձրեց «կրոն»՝ Պրահայում Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս: Արցախը հանձնել է այն մարդը, որը Արցախի անկման ողբերգությունը համարում է Հայաստանի ինքնիշխանության օր»:
Եկեք անկեղծ լինենք՝ մեղավորներ փնտրելով, մենք շատ հաճախ պարզապես փորձում ենք հեռու վանել այն հարցը, որը ժամանակ առ ժամանակ տալիս ենք ինքներս մեզ՝ իսկ արդյոք մեղքի մեր բաժինը չունե՞նք անխտիր բոլորս։
Ահա օգտատերերից մեկի գրառումը, որը ոմանց հաստատ դուր չի գա. «Ամենամեծ հանձնողն ու անքավելի բարոյական հանցանքի կատարողը ժողովուրդն է: Նախ`պատերազմից հետո վերընտրեց ինքնակապիտուլացվածին և ակնհայտորեն հայրենիք հանձնածին: Հետո հանգիստ հետևեց Արցախի խեղդմանը ու էլի լուռ մնաց երկրի ներսում: Հետո հանգիստ ականատես եղավ Արցախի դատարկմանը ու դրանից հետո էլ լուռ ու հանգիստ մնաց: Իսկ լռությունը համաձայնության նշան է հաճախ: Այս պարագայում` ամենաակտիվ հանցակցության: Թերևս` առաջնային բարոյական հանցագործության»,- կարծիք է հայտնել օգտատերը՝ ամփոփելով. «Հիմա էլ նույն ժողովուրդը հանգիստ նստած հետևում է Հայաստանի արագընթաց և անբեկանելի կործանմանն ու այս հողի հանձնմանը: Ու էլի ոչինչ չի անում: Ու էլի ոչինչ չի անելու»:
Եվ թույլ տվեք ավարտել սոցիալական ցանցերից մեկում զետեղված գրառմամբ, որը թողնում եմ առանց մեկնաբանության. «Երկու օր առաջ էլի երազ տեսա, սահմանն անցա ու հայտնվեցի Արցախում։ Դատարկ Ստեփանակերտում մարդ չկար, ահավոր վախեցած էի, հետ էի ուզում գնալ, բայց հասկանում էի, որ չեմ կարող։ Մտա մի տուն։ Տան պատին գրված էր. «Հետ ենք գալու»։ Էլի դռներ բացեցի, տեսնեմ՝ լիքը մարդիկ նստած հաց են ուտում։ Հարցրի՝ դուք իրակա՞ն եք։ Ասում են՝ հա′, մենք իրական ենք։ Բայց պարզվեց՝ իրենք հոգիներ էին ...Հետո Կարմիր խաչի աշխատող երկու շիկահեր կանայք եկան։ Ու ասացին ինձ. «Դու պետք է մնաս ու ապրես այստեղ, հետ չես գնալու ...»։