Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. տեսանյութ

Իսրայելական ԶԼՄ-ները պնդում են, որ հարվածը հասցվել է բնակելի շինությանը, որտեղ այդ պահին տեղի է ունեցել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը:
Sputnik
Իսրայելի բանակն այսօր հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։
Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, հարձակման թիրախը եղել է «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Նշվում է, որ հարվածը հասցվել է բնակելի շինությանը, որտեղ այդ պահին ընթացել է լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը: «Հզբոլլահի» ղեկավարության անդամը, ըստ մի շարք լրատվամիջոցների, սպանվել է: Նրա անունն ու պաշտոնը չեն նշում։
Օգտատերերը կադրեր են հրապարակել, որոնցում երևում են հարձակման հետևանքները։ Բեյրութի շենքերից մեկը լրջորեն վնասվել է ։
Անցած գիշեր ՑԱԽԱԼ-ը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։ Իսրայելական բանակի տվյալներով՝ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայանք և օբյեկտ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: