«Հզբոլլահը» Ցֆաթի շրջանում հարվածել է Իսրայելի բանակի հակաօդային պաշտպանության շտաբին

«Հզբոլլահի» ևս մեկ հարված հասցվել է հրետանային դիվիզիոնի շտաբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. «Հզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի բանակի զորքերի Հյուսիսային խմբավորման հակաօդային պաշտպանության շտաբին՝ Ցֆաթից հյուսիս։ Այս մասին հայտնում են շարժման մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ լիբանանյան աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ «Հզբոլլահի» մարտիկները հրթիռներ են արձակել Իսրայելի բանակի դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Լիբանանի սահմանի մոտ՝ օկուպացված Գոլանի բարձունքներում:
ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում մոտ 100 արձակման կայանք և օբյեկտ է գրոհել. կադրեր
Բացի այդ, մամուլի ծառայության տվյալներով, այսօր «Հզբոլլահի» մարտիկները հրթիռային հարված են հասցրել 188-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարության շտաբին, որը գտնվում է Գոլանի գրավյալ բարձունքներում՝ Կացրինից հյուսիս, Լիբանանի հարավային սահմաններից մոտ 20 կմ հեռավորության վրա:
«Հզբոլլահի» ևս մեկ հրթիռային հարված ուղղվել է հրետանային դիվիզիոնի շտաբին՝ Յովայի զորանոցներում։
Իսրայելական ավիացիան և հրետանին սեպտեմբերի 20-ի առավոտից շարունակել են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին․ հարվածի տակ է հայտնվել Լիբանանի հարավում և Արևմտյան Բեքաայում գտնվող ավելի քան 10 բնակավայր:
«Հզբոլլահն» առաջին անգամ հարվածել է ՑԱԽԱԼ–ի հրթիռային շտաբին Լիբանանի հետ սահմանին
Սեպտեմբերի 19-ի երեկոյան «Հզբոլլահն» ու իսրայելական բանակը սահմանի տարբեր հատվածներում միմյանց ինտենսիվ հարվածներ են հասցրել․ շարժումը հայտարարել է 17 հաջող ռազմական գործողությունների անցկացման մասին, Իսրայելի բանակն իր հերթին հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» օբյեկտներին հասցված ավելի քան 70 հարվածների մասին: