Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից

Հրայր Թովմասյան
Մեղադրող կողմը պահանջում էր 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, բայց նրան ազատեց քրեական պատասխանատվությունից:
«Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,- հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Դատարանը որոշեց նաև Թովմասյանից բռնագանձել 5 600 000 դրամ և 5 203 800 դրամ, իսկ գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը դատարանում պաշտպանական ճառով էր հանդես գալիս շուրջ հինգ օր։
Հիշեցնենք` նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Դատախազությունը պահանջում էր 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին, պաշտպանական կողմը՝ արդարացնել նրան։