ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի Հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է:
«Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում արված փոփոխություններն ու բյուջեի ավելացումը: WADA-ում տեսնում են, որ մենք մաքուր սպորտի կողմնակից ենք և այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք իրականացնում: Թե՛ մեր պետության, թե՛ անձամբ ինձ համար մեծ պատիվ է ներկայացվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդում»,- ասել է Գիլոյանը։
Նա ընդգծել է, որ ուժերի ներածին չափով նպաստելու է մաքուր սպորտի տարածմանը:
Հիմնադրամի խորհուրդը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) բարձրագույն մարմինն է, որն ուղղորդում է կազմակերպության գործունեությունը, որոշումներ կայացնում և ռազմավարական նպատակներ սահմանում։