Բեյրութի արվարձանին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ԶԼՄ

Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Բեյրութի հարավային արվարձանին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտնել էր 3 զոհի և 17 տուժածի մասին:
«Նախնական տվյալներով՝ հարավային արվարձանին հասցված ավիահարվածի հետևանքով 8 մարդ զոհվել է, 59-ը՝ վիրավորվել, վիրավորներից 8-ի վիճակը ծանր է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելի բանակը սեպտեմբերի 20-ին հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, հարձակման թիրախը «Հըզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյան էր:
Նշվում է, որ հարվածը հասցվել է բնակելի շենքին, որտեղ ընթանում էր լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը: «Հըզբոլլահի» թիրախավորված անդամը, ըստ մի շարք լրատվամիջոցների, սպանվել է։
Անցած գիշեր Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը մի շարք հարձակումներ է իրականացրել։ Իսրայելական բանակի տվյալներով՝ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայանք և ռազմական օբյեկտ։
Հիշեցնենք, որ Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, ավելի քան 3 հազար հոգի վիրավորվել է։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը։ «Հըզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրել են Իսրայելին: