ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ Հայաստան ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով:
Համաձայն պայմանավորվածության՝ 45-ամյա տղամարդը վարձակալած ավտոմեքենայով ուղևորվել է Մեղրի քաղաքից Շվանիձոր վարչական բնակավայրի մոտ։ Նրան սպասող տղամարդը պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված թմրամիջոցներ է նետել Իրանից Հայաստան պետական սահմանի վրայով։
Սյունիքի մարզի բնակիչը վերցրել է դրանք, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում։
«Նույն օրն ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ավտոմեքենան կանգնեցրել են և խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերել փաթեթավորված շուրջ 31 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 2000 հատ «մեթադոն» գրառմամբ դեղահատ, ինչպես նաև ինքնաձիգ և ատրճանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դատաքիմիական փորձաքննությունը պարզել է, որ այդ զանգվածի մի մասը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։ Մնացած զանգվածի մասով փորձաքննությունը դեռևս շարունակվում է։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ՝ 2024թ․սեպտեմբերի 12-ին, նույն անձինք նույն եղանակով շուրջ 7 կգ քաշով թմրամիջոցի ևս մի խմբաքանակ են տեղափոխել ՀՀ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սյունիքի մարզի բնակչի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Իրանի քաղաքացու ինքնությունը պարզվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթան ամբողջությամբ բացահայտելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ: