ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկոյի) որդու` Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման մասով։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Նշվում է, որ դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Արդյունքում Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Հրաչյա Ղևոնդյանը կմնա ազատության մեջ։ Ասել է թե ՀՀ բոլոր դատական ատյանները՝ Առաջին ատյանը, ՀՀ վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները մերժեցին իրավապահներին հայտնի երգչի որդու կալանավորելու միջնորդություններն ու բողոքները»,–գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից, որտեղ քննվում էր նրան կալանավորելու միջնորդությունը։
Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել էր իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի (կադրերում ներկայացվում էր Լևոն Քոչարյանը–խմբ.) մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը։
Նաև ձայնագրություն էր տարածվել իբր Հրաչյա Ղևոնդյանի մասնակցությամբ, որում խոսվում էր կառավարական շենքեր մտնելու մասին։ Ավելի ուշ փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունում Հրաչյայի ձայնը չէ, իսկ խոսակցությունը «ավտոատվետչիկի» հետ է։