ՀՀ տեղեկատվական դաշտում տեռոր է․ Շահրամանյանը՝ արցախցիներին թիրախավորելու մասին

Արցախի նախագահը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին այնպիսի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնք թույլ կտան ՀՀ բոլոր քաղաքացիներին պաշտպանված լինել տեղեկատվական հարձակումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր ՀՀ տեղեկատվական դաշտում է տեռոր է տիրում։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մեկնաբանելով քննչական կոմիտեի` երեկ տարածած հաղորդագրությանը։
Սեպտեմբերի 18-ին ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, թե բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք, հանրային հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 2-ը ԼՂ նախկին բնակիչներ են։
«ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողների աշխատանքը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվության հարցը․․․Դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին` ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և Հայաստանում ապրող բոլոր մարդկանց»,- նշեց Շահրամանյանը։
Նա հավելեց, որ ՔԿ-ի հաղորդագրությունից բացի բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում նաև ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ՝ ծանր և առանձնապես ծանր։ Կոչ արեց ուժային կառույցներին հետամուտ լինել, բացահայտել դրանց իսկությունը։
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել Արցախի պաշտոնյաների դեմ։ Մեղադրանքներ էին առաջադրվել Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի քաղաքապետներին։ Ավելի ուշ նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել էր` ինչպես ՔԿ-ից Sputnik Արմենիային էին հայտնել` թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։
ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 3 անձ է կալանավորվել. ՔԿ