Նարեկ Մալյանն ազատ արձակվեց 1 տարի անց

Մալյանի հարցն այլ ատյաններում բարձրացնելու համար անհրաժեշտ է սպառել ներպետական բոլոր միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր ազատ արձակվեց։ Նա կալանավորվել էր 2023թ․ սեպտեմբերի 20-ին։
«Շատ հազվադեպ պատահող մի բան է տեղի ունեցել․ անձը 1 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել Առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն դատական ակտն ուժի մեջ չի մտել։ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրեց, որը մենք դեռ չենք էլ ստացել, պատրաստվում ենք բողոքարկելՎճռաբեկ դատարանում։ Իհարկե, մենք պատրանքներ չունենք, սա քաղաքական գործ է, և Վճռաբեկ դատարանի վարքագիծը կանխատեսելի է»,- ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հավելեց, որ Մալյանի հարցն այլ ատյաններում բարձրացնելու համար անհրաժեշտ է սպառել ներպետական բոլոր միջոցները։
Հիշեցնենք` «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով։
Ավելի ուշ նա արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Մալյանը կրկին ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, 2 օր անց կալանավորվեց։ Մեղադրվում էր ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։