Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին

Նշվում է, որ Իսրայելի այս հարվածները Լիբանանին ամենաինտենսիվ ռմբակոծություններից են պատերազմի սկսվելուց ի վեր:
Sputnik
Իսրայելն օդային տասնյակ հարվածներ է հասցնում Հարավային Լիբանանի տարածքին: Այս մասին գրում են մի շարք միջազգային լրատվամիջոցներ՝ վկայակոչելով լիբանանյան անվտանգության ծառայությունների աղբյուրները:
ՑԱԽԱԼ-ի պնդմամբ է՝ այսօր կործանիչները խոցել են «Հըզբոլլահի» գրեթե 30 արձակման կայան:
Նշվում է, որ Իսրայելը նման հարվածներ է հասցրել, քանի որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալան դատապարտել է այս շաբաթ տեղի ունեցած փեյջերների պայթյունները, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել:
Նասրալան պայթուցիկ սարքերի պայթյուններն անվանել է «պատերազմական հանցագործություններ» կամ «պատերազմի հրահրում»:
Նշվում է նաև, որ Իսրայելի այս հարվածները Լիբանանին ամենաինտենսիվ ռմբակոծություններից են պատերազմի սկսվելուց ի վեր:
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում՝ փեյջերների և ռացիաների պայթյուն: Պաշտոնական տվյալներով՝ 32 մարդ մահացել է, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է։ Փորձագետները պնդում են, որ փեյջերներում պայթուցիկ է եղել։
«Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։