ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հոկտեմբերի 1-ին կբացվի Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Նշվում է, որ այն կլինի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում և կբացվի Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ:
Կենտրոնը նախագծվել և մշակվել է ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։
Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: Այն ներառում է նաև կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոների անցկացման համար:
Բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարներ ու գործադիր տնօրեններ։