ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս արած հայտարարություններին։
«Ցավով եմ լսում ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կարծում են, թե մենք՝ արցախցիներս, հյուր ենք ՀՀ-ում, որոնք կարծում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ–ի հաղթանակն է»,- ասաց Շահրամանյանը։
Նա կասկածում է, թե ՀՀ կառավարության բոլոր անդամներն են կիսում ԱԺ նախագահի կարծիքը, առավել ևս, որ Հայաստանի ժողովուրդն է այդպես մտածում։
«Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց, իմ կարծիքով՝ պատասխանները հենց իրենք պետք է տան ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ձևավորել են իշխանությունները»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևաչափը պետք է չեղարկել, քանի որ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի և նման կարգավիճակ ՀՀ-ում այլևս ոչ ոք չունի (ըստ Սիմոնյանի` ԼՂ իշխանությունների որոշմամբ)։ Նա նաև հայտարարել էր, որ ՀՀ-ում գոյություն չունի Արցախի նախագահ, Արցախի պատգամավորներ, հավելել էր, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստն էլ պետք է վերանայվի։