ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Wildberries»-ի՝ Մոսկվայում գտնվող գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից 2–րդ մահն է արձանագրվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ընկերությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, «Wildberries»-ի գրասենյակի մոտ այսօր տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան տուժածներ, այդ թվում` ոստիկաններ։
«Մահացել է Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ վիրավոր աշխատակիցը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդկանց 20-30 հոգանոց խումբը սկսել է կոտրել բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ինչին ի պատասխան՝ արձակվել են կրակոցներ։
Այս պահին ոստիկանության բաժին է բերվել մոտ 30 քաղաքացի: Նրանց կարգավիճակի հարցը կորոշվի դեպքի հանգամանքները պարզելուց հետո։
Ավելի վաղ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել էր, որ ռեյդերները ընտանիքից հեռացրել են իր կնոջը՝ մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկին։ Տատյանան հերքել էր ամուսնու հայտարարությունը և հայտարարել ամուսնալուծության գործընթացի մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ իր ամուսինը չի մասնակցում բիզնեսի կառավարմանը, թեև նրան է պատկանում բաժնետոմսերի 1 %–ը:
Բակալչուկների միջև կոնֆլիկտը ձգվում է արդեն մի քանի ամիս։ Նախկին ամուսիններն ընկերության ապագայի հետ կապված լուրջ տարաձայնություններ ունեն։
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «RVB» ՍՊԸ–ն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%–ը պատկանում է «Wildberries»–ին, իսկ 35%–ը՝ «Սթինն» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor» արտաքին գովազդի ընկերությանը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ ինքն է գլխավորելու միավորված ընկերությունը։