«Wildberries»-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

Դեպքի վայրում աշխատում են ՌԴ քննչական կոմիտեի աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել «Wildberries»-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Տուժածների թվում կան ոստիկաններ, ձերբակալվել է մի քանի մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններին։
Դեպքի քննության աշխատանքներին մասնակցում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Ուժայինները զննում են դեպքի վայրը։
Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդկանց 20-30 հոգանոց խումբը սկսել է կոտրել բիզնես-կենտրոնի մուտքի ապակիները։ Ի պատասխան՝ արձակվել են կրակոցներ։
Այս պահին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մոտ 30 քաղաքացի: Նրանց կարգավիճակի հարցը կորոշվի դեպքի հանգամանքները պարզելուց հետո։
Ավելի վաղ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել էր, որ ռեյդերները ընտանիքից հեռացրել են իր կնոջը՝ մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկին։ Տատյանան հերքել էր ամուսնու հայտարարությունը և հայտարարել ամուսնալուծության գործընթացի մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ իր ամուսինը չի մասնակցում բիզնեսի կառավարմանը, թեև նրան է պատկանում բաժնետոմսերի 1 %–ը:
Բակալչուկների միջև կոնֆլիկտը ձգվում է արդեն մի քանի ամիս։ Նախկին ամուսիններն ընկերության ապագայի հետ կապված լուրջ տարաձայնություններ ունեն։
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «RVB» ՍՊԸ–ն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%–ը պատկանում է «Wildberries»–ին, իսկ 35%–ը՝ «Սթինն» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor» արտաքին գովազդի ընկերությանը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ ինքն է գլխավորելու միավորված ընկերությունը։