Պաշտոնազրկման փորձ. մեծամասնություն չունեցող խորհրդարանի հեռանկարը մեզ էլ է սպասում

Էմանուել Մակրոն
Sputnik
Դեռ 10 տարի առաջ Ֆրանսիայի նախագահները, ի տարբերություն իրենց ամերիկացի պաշտոնակիցների, կարող էին գրեթե չվախենալ պաշտոնազրկումից, որովհետև դա հնարավոր էր միայն արտառոց դեպքում, եթե խորհրդարանը երկրի ղեկավարին մեղադրեր պետական դավաճանության մեջ։
Ֆրանսիայի ձախակողմյանները Մակրոնի պաշտոնականության վերաբերյալ բանաձև են ներկայացրել
Այնինչ Ամերիկայում պաշտոնազրկման փորձի առիթ դարձավ նույնիսկ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լյուինսկու հարաբերությունների հետ կապված հետաքրքիր պատմությունը։ Էլ չեմ ասում, որ խեղճ Դոնալդ Թրամփին երկու անգամ էին ուզում պաշտոնազրկել, ընդ որում` վերջին փորձը ձեռնարկվեց նրա պաշտոնավարման ժամկետի լրանալուց ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Այսինքն` մարդն այսպես թե այնպես, միևնույնն է, մի քանի օրից հեռանալու էր, բայց որոշ կոնգրեսականներ պնդեցին՝ չէ՛, մենք պիտի քեզ հանենք։ Չստացվեց։
Բայց վերադառնանք Ֆրանսիա, որտեղ նախագահների անհոգ կյանքն ավարտվեց ուղիղ 10 տարի առաջ՝ 2014 թվականի աշնանը, երբ պառլամենտը սահմանադրական փոփոխություն ընդունեց, ըստ որի` նախագահին այժմ կարելի է փորձել պաշտոնազրկել «իր սահմանադրական պարտականությունները չկատարելու դեպքում»։ Այո՛, այս լրիվ անորոշ ու լղոզված ձևակերպման տակ ինչ մեղադրանք ասես կարելի է անցկացնել։ 2016 թվականին փորձեցին պաշտոնազրկել Ֆրանսուա Օլանդին՝ իբր հույժ կարևոր տեղեկություն գաղտնազերծելու համար, բայց հարցը նույնիսկ օրակարգային չդարձավ։ Եվ ընդհանրապես հենց ֆրանսիացի իրավաբաններն են խոստովանում՝ պաշտոնազրկման մասին դրույթն իրականում զուտ նախազգուշական բնույթի է։
Սա, իհարկե, հրաշալի հասկանում են նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի այն 81 պատգամավորները, որոնք ստորագրել են Էմանուել Մակրոնի իմպիչմենտի գործընթացը սկսելու պահանջի տակ։ Եվ այնուամենայնիվ, այդ գործընթացը սկսվեց նախաձեռնողների փոքր հաղթանակով. Ազգային ժողովի բյուրոն հայտարարեց՝ այո՛, կարող եք սկսել, հիմքեր կան։ Առաջին հայացքից հիմքն իրոք պատկառելի է՝ մի քանի շաբաթ առաջ ծայրահեղ ձախերը, որոնք ամենից շատ ձայն էին ստացել վերջին ընտրություններում, առաջադրեցին վարչապետի իրենց թեկնածուին, բայց նախագահը մերժեց։ Ձախերի վրդովմունքը կարելի է հասկանալ՝ բա էլ ի՞նչ նշանակություն ունի մեր հաղթանակը, եթե մեր ուզած վարչապետին էլ չպիտի կարողանանք անցկացնել։
Նորթոն Առաջին. Ամերիկայի «կայսրը», որին սիրում և հարգում էին բոլորը
Բայց կրկնեմ` այս փաստարկն ընդամենը առաջին հայացքից է ակնհայտ ու տրամաբանական թվում, որովհետև մենք հո լավ գիտենք՝ ամեն ինչ որոշում է ուժերի իրական դասավորությունը խորհրդարանում։ Այ եթե Ֆրանսիայի պառլամենտում բոլոր ընդդիմադիր ուժերը միասնական լինեին և համաձայնության գային մի ընդհանուր թեկնածուի շուրջ, այդ դեպքում, իհարկե, նրանք վճռորոշ առավելություն կունենային նախագահին սատարող ուժերի նկատմամբ։ Բայց ախր աջերն ու ձախերը տանել չեն կարողանում միմյանց։ Հենց այդ պատճառով էլ, փաստում են վերլուծաբանները, Մակրոնի իմպիչմենտի փորձը երբեք հաջողությամբ չի պսակվի։ Որովհետև այդ հարցը հիմա պիտի քննարկի իրավական հանձնաժողովը, իսկ այնտեղ շանս չկա։
Բայց եթե նույնիսկ գործը հասնի Ազգային խորհրդի լիագումար նիստին, այնտեղ ընդհանրապես շանս չկա։
Թույլ տվեք մի կանխատեսում անել։ Խոսքը, բնականաբար, այս պաշտոնազրկման գործընթացի տխուր ավարտի մասին չէ. այն, որ նախագահին հանելու որևէ հնարավորություն չունեն, նախաձեռնողներն էլ են քաջ գիտակցում։ Ֆրանսիական թատրոնը մեծ համբավ ունի։ Կներե՛ք, իսկ երբ մեր հայաստանյան ընդդիմությունը այնպիսի հարցեր է բարձրաձայնում, որոնք ներկայիս խորհրդարանական մեծամասնության պայմաններում ի սկզբանե դատապարտված են, ի՞նչ է, չգիտի, թե ինչպիսին է լինելու քվեարկության արդյունքը։ Դե, մենք էլ դարավոր թատերական ավանդույթներ ունենք, որոնք լավ էլ պահպանվել են։
Ուղղակի կարելի է ենթադրել, որ Ֆրանսիայի ներկա պառլամենտում տիրող պատկերը, երբ որևէ քաղաքական ուժ վճռորոշ մեծամասնություն չունի և չի կարող հեշտությամբ հասնել իր ուզածին, անխուսափելիորեն կրկնվելու է մեր հաջորդ գումարման խորհրդարանում, որը ձևավորվելու է 2026 թվականի ընտրությունների արդյունքում։ Մինչև հիմա մենք միշտ ունեցել ենք խորհրդարան, որտեղ գերիշխել է այս կամ այն ուժը, իսկ կոալիցիաները գեղեցիկ ու անիմաստ դեկորատիվ փուչիկներ են եղել, որոնք պայթել են՝ չթողնելով բացարձակ ոչ մի հետևանք։ Շատ դժվար է պատկերացնել, որ նույնը կկրկնվի 2026-ից հետո։ Եթե, իհարկե, մի արտառոց բան չպատահի և ի հայտ չգա մի բոլորովին նոր ուժ, որը շատ արագ իր շուրջը կհամախմբի հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչներին և կգրավի Բաղրամյան 19-ի նիստերի դահլիճի աթոռների մեծ մասը։
Ու մի՛ ասեք, թե դա անհնար է. 6 տարի էլ չի անցել այն օրվանից, երբ 2018-ի դեկտեմբերին շռնդալից հաղթանակ նվիրեցինք անփորձ երիտասարդներին, որոնց գերակշիռ մասին չէինք էլ ճանաչում, իսկ պատերազմական աղետալի պարտությունից հետո կրկին ձայն տվեցինք նույն մարդկանց։ Բայց եթե նման բան այլևս չկատարվի, ուրեմն կունենանք ֆրանսիականի պես խորհրդարան, որտեղ յուրաքանչյուր լուծում պահանջելու է փոխադարձ համաձայնություն, շահագրգիռ երկխոսություն և երկուստեք ընդունելի զիջումներ՝ հանուն ընդհանուր նպատակի։ Սա շեֆի ցուցումով կոճակ սեղմել չէ, շատ ավելի բարդ ուղի է։ Բայց պիտի անցնենք։