ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրկել։ Այդ մասին նա հայտարարեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ հիմա Հայաստանը գազ է ներկրում ՌԴ–ից ու Իրանից։ Նա ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, թե ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
«Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել։ Իհարկե, մեր ընկալումները տեխնոլոգիական են՝ մոդուլյար ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ»,– նշեց Փաշինյանը։
Խոսելով մեր երկիր գազի ներկրման և էներգետիկ անկախացման ու դիվերսիֆիկացիայի մասին` նա ավելացրեց, որ անհրաժեշտ է նաև կենտրոնացնել երկրի մնացած էներգետիկ ռեսուրսները։
Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորեց արևային էներգիայի արտադրության զարգացումը` նշելով, որ արևային էներգիայի կուտակիչների տեխնոլոգիան յուրացնելու խնդիր ունենք և պետք է օգտագործենք կանաչ ջրածնի հնարավորությունները։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ աշխարհում էներգետիկ բացարձակ անկախություն ունեցող երկիր չկա. պետք է մտածել ոլորտի դիվերսիֆիկայի մասին։
Հիշեցնենք՝ 2024-ի ապրիլին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, որ դրական է համարում այն միտքը, որ ՀՀ–ն կարող է գազ գնել Ադրբեջանից։