Պայթյունների նոր շարք Լիբանանում. 9 զոհ, ավելի քան 300 վիրավոր

Պայթած սարք
ԶԼՄ–ների տեղեկություններով` Լիբանանի տարբեր շրջաններում ռադիոկապի միջոցներ են պայթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում հաղորդակցման սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի, տուժել է ավելի քան 300 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ լիբանանյան Կարմիր Խաչի ավելի քան 30 շտապօգնության մեքենաներ օգնություն են ցուցաբերում և տարհանում պայթյունների հետևանքով տուժածներին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Այսօր հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: