ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երբ «Wildberries»-ի սեփականատիրոջ նախկին ամուսնու` Վյաչեսլավ Բակալչուկի թիմը փորձել է մուտք գործել շենք, կրակոցներ են հնչել «Wildberries Marketplace»-ի` Մոսկվայում գտնվող գլխամասային գրասենյակի մոտ, որը գտնվում է «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնում։ Հրազենային վնասվածքներ են ստացել երեք ոստիկաններ, տուժածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում:
«Wildberries»-ի աշխատակիցները կրակոցների ժամանակ թաքնվել են գրասենյակի սեղանների տակ։ Այնուհետև նրանք շտապ տեղափոխվել են գրասենյակի ավելի հեռավոր մաս, մինչև հատուկ կարգադրություն լինի: Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքից (գտնվում է մոտակայքում) տարհանվել են ուսանողները:
Նախնական տվյալներով` կրակոցներից հետո 9 մարդ է ձերբակալվել։ «Shot»-ը հայտնում է, որ նրանցից զենք է առգրավվել։
Վլադիսլավ Բակալչուկը ներկայացրել է կատարվածի իր տարբերակը. «Նրանք փորձեցին հարձակվել ինձ և իմ թիմի վրա, երբ մենք եկանք բանակցությունների՝ Ռոմանովյան նրբանցքում գտնվող գրասենյակում պահեստների շինարարությունը դադարեցնելու համար: Ես լավ եմ, գրասենյակում եմ: Սպասեք մանրամասներին»։ Ընկերությունից հայտնել են, որ Բակալչուկը անվտանգության աշխատակիցների հետ փորձել է ապօրինի ներս մտնել։ WB-ի սեփականատիրոջ նախկին ամուսինը պահակախմբին մեղադրում է իր թիմի վրա հարձակման փորձի մեջ:
«Wildberries»-ն ու «Russ»-ը հայտարարել են. «Այսօր Վլադիսլավ Բակալչուկի և նրա զինված թիկնազորի կողմից փորձ է կատարվել ապօրինի ներթափանցել «Wildberries» ընկերության գրասենյակ։ Այս պահին իրավիճակը կայուն է, ընկերությունը շարունակում է աշխատանքը։ Ընկերության գրասենյակներում Վլադիսլավի և նրա ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում նախատեսված չի եղել»։
Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ նախկին ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի գլխավորությամբ մի խումբ մարդիկ փորձել են գրավել «Wildberries»-ի գրասենյակները Մոսկվայում։ Նա դա անվանել է ռեյդային գրավում, ավելի ճիշտ՝ չհաջողված փորձ։
Ավելի վաղ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել էր, որ ռեյդերները ընտանիքից հեռացրել են իր կնոջը՝ մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկին։ Տատյանան հերքել էր ամուսնու հայտարարությունը և հայտարարել ամուսնալուծության գործընթացի մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ իր ամուսինը չի մասնակցում բիզնեսի կառավարմանը, թեև նրան է պատկանում բաժնետոմսերի 1 %–ը:
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «RVB» ՍՊԸ–ն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%–ը պատկանում է «Wildberries»–ին, իսկ 35%–ը՝ «Սթինն» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor» արտաքին գովազդի ընկերությանը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ ինքն է գլխավորելու միավորված ընկերությունը։