Մամ, կներես, չգիտեի` ինչի միջով ես անցել. Ավդալյանը որդու հետ զրույցից դրվագ է պատմել

Նազիկ Ավդալյանը որդու հետ
Ծանրորդի որդին` Վաչեն, մորն ասել է, որ շատ է հպարտանում նրա անցած ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի որդին` Վաչեն ներողություն է խնդրել մորից, որ այսքան ժամանակ չի պատկերացրել, թե ինչերի միջով է անցել նա։ Ավդալյանը որդու հետ զրույցից մի դրվագ ներկայացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա նաև կից լուսանկարներ է հրապարակել, որտեղ որդին լացում է «Մեդալի հակառակ կողմը» առաջին հայկական սպորտային դրաման դիտելիս։
Ասել է` մամ, կներես, ես չգիտեի` դու ինչի միջով ես անցել։ Ծանրորդն էլ հետաքրքրվել է, թե որդին ինչի համար է ներողություն խնդրում։
-Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում ու գժվացնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Ես գիտեմ` մամաներն ավելի շատ են կարոտում իրենց էրեխեքին, քան հակառակը…
«Ու ես չգիտեմ, ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել է ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավ ու վախ հաշվի առնելու, որ զուր չլիներ էն ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»,– գրել է Ավդալյանը։
Վաչեն Նազիկին նաև ասել է, որ անկախ ամեն ինչից և բոլոր խոսակցություններից, ինքը շատ է հպարտանում իր մոր հաջողություններով և անցած ճանապարհով։
Կարևորը արժանապատիվ հեռանալն է. Նազիկ Ավդալյանը հպարտանում է Հռիսիմե Խուրշուդյանով
Հիշեցնենք, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 12-ին։ Նազիկ Ավդալյանը նշել էր, որ դրաման պատմում է իր կյանքի և սպորտային կարիերայի մասին ու այնտեղ ներկայացված բոլոր դրվագները չափից շատ անձնական են։ Միևնույն ժամանակ շեշտել է` ֆիլմում միայն դրական և ուժեղ կերպար չէ ներկայացված։
Նշենք, որ 2011 թվականի ապրիլի 26-ին, Գյումրիում Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով ողնաշարի լուրջ վնասվածք էր ստացել։ Այդ պատճառով նա 7 տարի դուրս էր մնացել մեծ սպորտից, ապա 2016 թվականին վերադարձել։ Չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, նա Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց։