ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ–ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ, կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է «անդառնալի կետին»։ Նրա խոսքով` «կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար»։
«Մենք կտրականապես համաձայն չենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ–ից որևէ սպառնալիք չի կարող և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Հակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Սակայն մենք այդ դիրքորոշումը համբերատարությամբ կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը», – ասել է նա լրագրողներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ ՌԴ–ն շարունակում է և շարունակելու է շփումը Հայաստանի հետ։
«Հայաստանի հետ մենք շարունակում ենք և շարունակելու ենք շփվել։ Անկասկած, այն մեր մոտ գործընկերն է», – ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը կշարունակեն շփվել։
Հիշեցնենք, որ Երևանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ում։ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ–ից, երբ իշխանությունները դա անհրաժեշտ համարեն։ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է՝ չեն մասնակցում կազմակերպության միջոցառումներին։
Պաշտոնական Երևանի հայտարարությունները մեկնաբանելիս` ՌԴ ԱԳՆ–ն բազմիցս ընդգծել է, որ ՀԱՊԿ–ի մասին խոսելն անարժանապատիվ է և ոչ ապահով։ Այնուամանայնիվ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, ինչը բխում է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։